Վարչապետի աշխատակազմին կհատկացվի ավելի քան 62 մլն դրամ․ ինչի՞ն կուղղվեն միջոցները

Image Image

Կառավարությունն առաջարկում է վերաբաշխում կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ վարչապետի աշխատակազմի աշխատավարձերի և հավելավճարների ծախսերն ապահովելու, ինչպես նաև մինչև տարեվերջ կանխատեսվող այլ ծախսերն իրականացնելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը այդ մասին որոշման նախագիծը ներառվել էր Կառավարության՝ հոկտեմբերի 22-ի չզեկուցվող նախագծում:

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է նվազեցնել հասարակական կազմակերպություններին աջակցության համար նախատեսված միջոցները և ավելացնել վարչապետի աշխատակազմի աշխատավարձերի ֆինանսավորումը։ Բացի այդ, նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից աշխատակազմին հատկացնել 62 մլն 184 հազար 700 դրամ։

Որքա՞ն գումար կվերաբաշխվի աշխատավարձերի համար

Նախագծով առաջարկվում է «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառման համար նախատեսված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել՝ այն ուղղելով վարչապետի աշխատակազմի աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների վճարմանը։

Հիմնավորման համաձայն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունն առաջացել է պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման հետևանքով աշխատակիցների միջին ամսական աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Կառավարության կազմի փոփոխությամբ պայմանավորված՝ աշխատակազմում աշխատակիցների ընդունումների և ազատումների հետևանքով։

Նշվում է, որ վարչապետի աշխատակազմի ծրագրերի և միջոցառումների շրջանակում նախատեսված կարիքների վերանայման արդյունքում հասարակական կազմակերպություններին աջակցություն տրամադրելու պահանջ չի առաջացել, և այդ միջոցառման շրջանակում պայմանագրեր չեն կնքվել։

Որքա՞ն գումար կհատկացվի պահուստային ֆոնդից

Նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 62 մլն 184 հազար 700 դրամ՝ մինչև տարեվերջ կանխատեսվող ծախսերն իրականացնելու նպատակով։

Այդ գումարից՝

  • 40 մլն 544 հազար դրամը նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումների ծախսերին,
  • 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովմանը։

Կփոխվի՞ պետական բյուջեի ընդհանուր ծավալը

Հիմնավորման համաձայն՝ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի։

Նախագիծը կապ չունի Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի, Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի և ոլորտային կամ այլ ռազմավարությունների հետ։

Նշենք, որ խոսքը Կառավարության որոշման նախագծի մասին է։

Իրավաբան.net
Image
Image

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել