.nu
| .nu | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1997 |
| Փյունիկոդ | nu |
| Կայք | nunames.nu |
.nu, Նյուեյի վերին մակարդակի ազգային դոմենը (ccTLD)։ Այն եղել է առաջին ccTLD-ներից մեկը, որը ներկայացվել է համացանցում լայնորեն՝ որպես այլընտրանք .com, .net և .org gTLD-ներին։
Օգտագործելով nu-ի և new-ի հնչյունաբանական նմանությունը անգլերենում, ինչպես նաև այն փաստը, որ nu-ն մի քանի հյուսիսեվրոպական լեզուներում նշանակում է «այժմ», այն առաջ է մղվել որպես նոր TLD՝ հասանելի լավ դոմենային անունների առատությամբ։ .nu դոմենն այժմ վերահսկում է Շվեդիայի համացանցի հիմնադրամը, թեպետ առկա է Նյուեյի կառավարության դիմադրությունը։
Google-ը .nu-ն դիտարկում է որպես ընդհանուր վերին մակարդակի դոմեն (gTLD), քանի որ «օգտատերերն ու վեբ-կայքերի սեփականատերերը հաճախ [դոմենը] դիտում են որպես ավելի ընդհանուր, քան կողմնորոշված որոշակի երկրին»[1]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ccTLD-ների մեծ մասի, .nu-ն չի կառավարում տվյալ երկրի ներկայացուցիչը։
1997 թվականին IANA-ն .nu-ի կառավարումը հանձնել է The IUSN Foundation-ին (նախկինում՝ «Internet Users Society - Niue»)՝ Մասաչուսեթսում գտնվող ոչ առևտրային կազմակերպությանը[1][2][3][4]։ Դոմենի կառավարումն ու տեխնիկական շահագործումը փոխանցվել են Շվեդիայի համացանցի հիմնադրամին (IIS) 2013 թվականի սեպտեմբերին[5][1]։ IIS-ը հայտարարել է, որ այդ ժամանակ «ակտիվ» .nu դոմենների 66,7 տոկոսը գրանցված է եղել շվեդ օգտատերերի վրա[1]։
Նյուեյի կառավարությունը փորձում է կառավարել .nu ccTLD-ն առնվազն 2003 թվականից[6][7]։ 2018 թվականի նոյեմբերին Նյուեյի կառավարությունը Ստոկհոլմի շրջանային դատարանում դատական հայց է հարուցել IIS-ի դեմ՝ դոմենի վերահսկողությունը ստանալու համար։ Հայցում նշվում էր, որ հիմնադրամը «2013 թվականին առանց համաձայնության տիրացել է Նյուեյի .nu դոմենին», ինչը հանգեցրել է երկրի համար եկամտի զգալի կորստի։ Նյուեյի կառավարությունը հայտարարել է, որ .nu դոմենը Նյուեյի «ազգային ակտիվ» է և շվեդները տիրացել են «անարդար կերպով»՝ IIS-ի եկամուտը գնահատելով 27-37 միլիոն դոլար[8][1]։ Նյուեյի իրավական թիմի հետագա գնահատականը նշել է, որ երկիրը կորցրել է ընդհանուր 150․000․000 ԱՄՆ դոլար (որը համարժեք է 182․248․939 դոլարի 2024 թվականին)՝ այն ընդհանուր ժամանակահատվածում, երբ դոմենը կառավարել են IUSN-ը և IIS-ը[9]։ IIS-ը պատասխանել է՝ ասելով, որ «Շվեդիայի համացանցային ենթակառուցվածքի համար էական էր և է, որ .nu-ն աշխատի կայուն և անվտանգ», և որ իրենք «2013 թվականին ռեեստր դառնալու մասին որոշում կայացնելուց առաջ կատարել են անհրաժեշտ հետազոտությունները՝ ներգրավելով մի քանի առաջատար իրավական մասնագետների և ունենալով անմիջական կապ համապատասխան կառավարական հաստատությունների հետ»[1]։
Նյուեյի կառավարությունը շարունակում է իրավական քննարկումը երկու ճակատով. անմիջականորեն ICANN-ի հետ՝ դոմենային անունը հետ ստանալու համար, և Շվեդիայի կառավարության հետ՝ կորած շահույթը վերականգնելու համար[10]։ 2008-2020 թվականներին Նյուեյի վարչապետ Տոքե Թալագին այն անվանել է նեոգաղութացման ձև։
Թեև Նյուեյը պարտվել է Շվեդիայի ստորին դատարանում, նրանք բողոքարկել են այդ վճիռը։ Բողոքարկման դատական նիստը նշանակվել էր 2025 թվականի մայիսի 19-ին և 20-ին։ Հունիսի 5-ին դատարանը մերժել է հայցը՝ ստորին դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ[11]։
.nu-ի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը].nu դոմենը հատկապես տարածված է Շվեդիայում, Դանիայում և Բենիլյուքսի երկրներում, քանի որ nu-ն «այժմ» բառն է շվեդերենում, դանիերենում և հոլանդերենում[12]։ Թեև nu-ն նորվեգերենում «այժմ»-ի հնացած տարբերակն է, որի փոխարեն օգտագործվում է nå-ն[13], .nu-ն սկզբնապես ավելի տարածված է եղել, քան .no-ն, երբ 1999 թվականին Նորվեգիայում գրանցվել է 43․000 .nu հասցե և ընդամենը 30․000 .no հասցե[14]։ Մասամբ պայմանավորված Շվեդիային նշանակված ccTLD-ի՝ .se-ի սահմանափակ դոմենային կանոններով, .nu-ն օգտագործվել է կայքերի ստեղծարար մարքեթինգի համար, օրինակ՝ www.tv.nu-ն օգտագործվում էր ցույց տալու համար, թե ինչ է այժմ ցուցադրվում հեռուստատեսությամբ, իսկ Նիդերլանդներում՝ waarbenjij.nu (բառացիորեն՝ «որտեղեսդու.հիմա»)։
Իսրայելի «Կուլանու» նախկին քաղաքական կուսակցությունն օգտագործել է www.koola.nu դոմենը[15] մինչև իր լուծարումը 2020 թվականին։
Միջազգայնացված դոմեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի մարտին .NU Domain Ltd-ն դարձել է առաջին TLD-ն, որն առաջարկել է միջազգայնացված դոմենային անունների գրանցում[16], որոնք աջակցում են յունիկոդի ամբողջական սիմվոլների հավաքածուն[17]։ Ի տարբերություն այլ TLD-ների, այս անունների օգտագործման համար հաճախորդի կողմից որևէ դիտարկչի հավելված կամ փյունիկոդով աշխատող դիտարկիչ անհրաժեշտ չէր, քանի որ .NU Domain-ի վեբ սերվերները փոխակերպում և վերահասցեագրում էին տարբեր միջազգային նիշերի կոդավորմամբ տրված ցանկացած վեբ հարցում։ Սակայն 2010 թվականի մարտին .NU Domain-ը ICANN-ում հայտարարել է, որ վերջերս անջատել են իրենց ընդհանուր wildcard դոմենային անունների լուծման տեխնոլոգիան, և այդպիսով IDN-ներն իրականացնում են միայն ներկայումս ստանդարտ փյունիկոդ իրականացմամբ, և նվազեցնում են .NU Domain անունների համար ընդունված IDN սիմվոլների հավաքածուն՝ ISO-8859-1 արևմտաեվրոպական սիմվոլների ենթահամախմբի[18]։
Դոմենի չեղարկման քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը].NU դոմենային անունները չեղարկվում են անդարձելի կարգով՝ առանց դրամային փոխհատուցման, եթե դրանցում տեղադրված են մանկական պոռնոգրաֆիայի պատկերներ կամ դրանք օգտագործվել են ֆիշինգի, սպամի առաքման, էլեկտրոնային փոստի գողության, որոնողական համակարգերի չարաշահման կամ որևէ այլ անօրինական նպատակով[19]։
2012 թվականի փետրվարին library.nu կայքը, որը տրամադրում էր սկանավորված գրքերի հղումներ, որոնց զգալի մասը հեղինակային իրավունքներով պաշտպանվածպատճեններ էին, փակվել էր՝ աշխարհի խոշորագույն հրատարակչությունների կոալիցիայի՝ կայքի դեմ ներկայացրած դատական հայցը բավարարելու վճռից հետո։ Մի քանի օր անց դոմենային ռեգիստրատոր Nunames ընկերությունը չեղարկել էր նաև կայքի դոմենային անունը։ Չեղարկման փաստն արձանագրվել էր այդ ժամանակ արված էկրանակադրերում[20]։
Դատական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին nudomain.com կայքի վերաբերյալ UDRP-ի (Միասնական դոմենային անունների լուծման քաղաքականություն) հայցի քննության ընթացքում, «Փաստական հիմնավորման» բաժնում արվել էր այն պնդումը, որ «Դիմումատուները [WorldNames, Inc.-ը և NU Domain Ltd-ն] տիրապետում և կառավարում են .NU ccTLD դոմենը»։ Հայցում նշված ընկերությունները, իրականում, իրականացնում են .nu դոմենի ռեգիստրատուրայի կառավարումը Համացանց օգտագործողների միության անունից, սակայն սխալ կլինի ասել, որ նրանք «տիրապետում» են այդ TLD դոմենին, քանի որ ընդհանուր առմամբ TLD դոմենները հանձնարարվում և կառավարվում են, այլ ոչ թե «սեփականություն» են հանդիսանում[21][22]։ Սակայն դատական գործընթացը նշում է, որ այդ ընկերությունները տիրապետում են «.nudomain» գրանցված ապրանքանիշին մի քանի երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 «Managing multi-regional and multilingual sites». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «About». IUSN Foundation. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «The IUSN Foundation». Internet Niue. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «History - IUSN». IUSN Foundation. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «.SE completes successful transition of the .nu domain». iis.se.
- ↑ «Niue ccTLD delegation issues» (DOC). International Telecommunication Union. 2003 թ․ մարտի 4. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Tiakia, John (2003 թ․ դեկտեմբերի 12). «World Summit on the Information Society» (PDF). International Telecommunication Union. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ "Niue launches legal action in Sweden over domain name", Radio New Zealand, 10 December 2018
- ↑ «Niue loses fight for internet domain». Radio New Zealand. 2020 թ․ ապրիլի 24. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «The Government of Niue Launches Proceedings With ICANN to Reclaim Its .nu Top-Level Domain». CircleID (անգլերեն). 2020-12-16. Վերցված է 2023-01-23-ին.
- ↑ «Internetstiftelsen välkomnar hovrättens dom i .nu-målet». Internetstiftelsen (շվեդերեն). 2025-06-05. Վերցված է 2025-11-10-ին.
- ↑ «nu». OmegaWiki. 2006-07-22. Վերցված է 2009-09-30-ին.
- ↑ «Det Norske Akademis ordbok». naob.no. Վերցված է 2020-08-21-ին.
- ↑ «.nu større enn .no», IT Avisen, Norway, 1999 թ․ օգոստոսի 11.
- ↑ «Koola.nu». Արխիվացված է օրիգինալից 2016-06-14-ին. Վերցված է 2022-04-30-ին.
- ↑ «NU Domain Ltd Challenges .Com With Announcement of First Non-English Internet Addresses; Microsoft endorses NUBIND as compatible with Microsoft Internet Explorer 5.0, and Windows 2000». Thefreelibrary.com. 2000-03-07. Արխիվացված է օրիգինալից 2011-05-20-ին. Վերցված է 2009-09-30-ին.
- ↑ «IDN details». Nunames.nu. Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին. Վերցված է 2009-09-30-ին.
- ↑ «Mozilla - add .nu to IDN whitelist». Mozilla. 2010-04-19.
- ↑ «NU Domain Terms and Conditions, section 12, "Acceptable Use"». Nunames.nu. Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին. Վերցված է 2009-09-30-ին.
- ↑ «Domain Registrar Profits From Revoked Library.nu Domain». torrentfreak.com. 2012-02-24. Արխիվացված օրիգինալից 2012-02-27-ին. Վերցված է 2012-02-27-ին.
- ↑ Computerworld NZ: Niue struggles against 'digital colonialism' Արխիվացված 2007-09-11 Wayback Machine, 27 March 2007
- ↑ «Niue government criticised over internet stance». Radio New Zealand International. 2007 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .nu whois տեղեկություն Արխիվացված 2006-04-27 Wayback Machine