Այսօր Հայաստանի քսանմեկ համայնքում համայնքային ընտրություններ են։ Ընտրության օրերին հեռանում ենք իրարից՝ ընկերը՝ ընկերոջից, հարևանը՝ հարևանից, եղբայրը՝ քրոջից, հայրը՝ որդուց։ Խոսքը կտրվում է, դուռը փակվում է։ Հետո տարիներ են անցնում, ու մարդ չի հիշում, թե ում վրա էր նեղացել ու ինչի համար։ Մնում է միայն կորցրած մարդը՝ ընկերը, հարևանը, քույրը, որդին։
Երբ մեր տղաները խրամատում էին, ոչ մեկը չէր հարցնում՝ ով ում է ձայն տվել։ Կողք կողքի էին՝ նույն հողի համար։ Նրանք չեկան։ Մենք էստեղ ենք, ու իրար տեսնելուց հաճախ երես ենք թեքում։
Ամեն ինչ, որ սկիզբ ունի, վերջ էլ ունի։ Ընտրությունն ունի. ով էլ ընտրվի՝ ժամանակավոր է, ինչպես մենք բոլորս։ Կյանքն էլ ունի, ու էնքան կարճ է, որ մեղք է դրա մեջ մարդ կորցնել։
Վաղը քվեաթերթիկը կմնա արկղում, մարդը՝ կողքիդ։ Փողոցում, գործատեղում, սրճարանում, տանը՝ սեղանի էն կողմում։ Պիտի նայես աչքերի մեջ ու բարևես։ Շրջվեցիր ու անցար՝ ընտրությունը չես տանուլ տվել, մարդ տեսակդ ես կորցրել։
Մարդն է կարևորը. իր ազատությունը, արժանապատվությունը, իր մտածելու իրավունքը։ Օրենքն էլ դրա մասին է։ Մնացածը գալիս է, անցնում է։
Ընտրեք ում ուզում եք, դա ձեր իրավունքն է։ Ընտրությունը տարբեր է, բայց նույն համայնքի համար է։ Միայն թե հիշեք, որ վաղը պիտի կարողանաք իրար աչքերի մեջ նայել։
Կարեն Զադոյան
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ
















